BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Ընդդեմ մոնղոլների՝ թաթարների հետ համագործակցությունը» ոչ թե մարտավարություն է, այլ սովորական վարձկանություն

«Ընդդեմ մոնղոլների՝ թաթարների հետ համագործակցությունը» ոչ թե մարտավարություն է, այլ սովորական վարձկանություն
14.03.2014 | 01:20

ԱԺ ոչիշխանական ուժերի միավորման փորձը Հայաստանի վերջին շրջանի ներքաղաքական զարգացումների բեկումնային դրվագն է: Գաղափարախոսական տարբեր ճակատներում գտնվող, անձնական հակակրանք ունեցող ու միմյանցից վիրավորված քաղաքական գործիչներին փորձում է միավորել Հայաստանի ամենահարուստ մարդը` Գագիկ Ծառուկյանը: Ճիշտ է, հայկական քաղաքականության կնքահայրերից Լևոն Տեր-Պետրոսյանն այս ուժերն անվանում է «հրաշալի քառյակ» և նրանց հետագա գործունեությանը փորձում է տալ քաղաքագիտական բացատրություն` առաջ քաշելով «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» տեսությունը, սակայն պարզ է, որ միավորման փորձեր անողներն առաջնորդվում են ոչ թե ծրագրային կամ գաղափարախոսական ընդհանրություններով, այլ «ջրի երեսին մնալու» այժմեականով: Գագիկ Ծառուկյանը հասկանում է, որ փողի վրա հիմնված բուտաֆորիկ ԲՀԿ-ն չի կարող երկար քաղաքական կյանք ունենալ: Ինչքան էլ կուսակցությունը հռչակվի ոչ ընդդիմադիր, խուսափի իշխանության հետ բացահայտ բախումից, միևնույն է, առանց իշխանության այս կուսակցությունը նման է ֆինանսներ լափող ոչ շահավետ ծրագրի, ուստի պետք է շահավետ պայմաններով մաս կազմել իշխանությանը կամ էլ իշխանափոխության ճանապարհով գալ իշխանության ու տիրանալ պետական լծակներին, բայց դա անել շատ զգույշ, հնարավորության դեպքում` այլոց ձեռքերով:
Իր հերթին, Տեր-Պետրոսյանը հաշվարկել է, որ 2008-ի «համաժողովրդական շարժման» տապալումից հետո ՀԱԿ դարձած ՀՀՇ-ն չի կարող լուրջ քաղաքական գործունեություն ծավալել: Ինչպես վերջերս շրջանառության մեջ դրված դիտարկումն է փաստում, «մոնղոլ-թաթարներին հաղթելու փոխարեն Տեր-Պետրոսյանն ընկերություն է անում թաթարների հետ` մոնղոլների դեմ պայքարելու համար»: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին և «Ժառանգությանը», ապա երկու ուժերն էլ «հրաշալի քառյակի» ձևաչափին մասնակցում են զուտ ընդդիմադիր տրամաբանությունից ելնելով` հասկանալով, որ Լևոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան համատեղ խաղատախտակի վրա կարող են հավակնել միայն շարքային ընդդիմադիրի կարգավիճակի: Ինչևէ, Տեր-Պետրոսյանի քաղաքական քավորության և Ծառուկյանի ֆինանսական միջոցների առանցքի շուրջը ձևավորվող նոր ընդդիմադիր բևեռը դեռևս լուրջ հայտ չի ներկայացրել` սահմանափակվելով միայն կառավարության հրաժարականի պահանջի շուրջ համաձայնության գալով, իսկ սա առանձնապես նորություն չէ, քանզի բոլոր երկրներում էլ ընդդիմությունը մշտապես պահանջում է կառավարության հրաժարականը` առաջարկելով զարգացումների սեփական ծրագիրը:
Այս գործընթացում ուշագրավ է այն, որ Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը, փաստացիորեն, հանդես է գալիս Հայաստանի թիվ մեկ օլիգարխի սատելիտի դերում: Երկար տարիներ ՀՀՇ-ական մամուլը քաղաքական քննարկումների թեմա էր դարձրել այն հանգամանքը, որ 1996-ի ընտրություններից հետո Վազգեն Մանուկյանը իբր համագործակցել է Ռոբերտ Քոչարյանի, այնուհետև Սերժ Սարգսյանի հետ: 1996-ի նախագահական ընտրությունների կեղծիքներն արդարացնելու համար Տեր-Պետրոսյանի շրջապատը մշտապես շրջանառել է այն «հիմնավորումը», թե Վազգեն Մանուկյանն իր էությամբ «հաճախորդ է», և նրան չէր կարելի իշխանություն վստահել, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն ինքնաբավ և սկզբունքային գործիչ է, ով 1998-ի իշխանափոխությունից հետո հեռացավ մեծ քաղաքականությունից` զբաղվելով գիտությամբ, այգեգործությամբ և թոռների դաստիարակությամբ: Հենց այստեղ է, որ ի հայտ է գալիս իրական հաճախորդի վարկածը, քանզի պարզվում է` Տեր-Պետրոսյանն ամենևին էլ ինքնաբավ չէ, իսկ 10 տարի լռում էր, որովհետև հասկանում էր` հասարակական ընկալումների փոփոխության, ցուրտ ու մութ տարիների, մազութի գործի, քաղաքական սպանությունների, Արմեն Տեր-Սահակյանի բանդայի մոռացության համար տարիներ են պետք: Կյանքն ապացուցեց, որ 10 տարին բավարար էր, որպեսզի մոռացության մատնվեին նախկին մեղքերը: Եվ երբ 2008-ի ընտրություններում Տեր-Պետրոսյանը տապալվեց, նախընտրեց ոչ թե վերադառնալ նախորդ 10 տարիների «ինքնաբավ» կյանքին, այլ վերածվեց օլիգարխի հաճախորդի` Ռոբերտ Քոչարյանի հրահանգով և Գագիկ Ծառուկյանի փողերով ստեղծված ԲՀԿ-ի համար հանդես գալով փաստաբանի ու «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» տեսությունները հիմնավորողի դերում:
Իհարկե, ՀԱԿ-ը պետք է պնդի, որ սա քաղաքականություն է, իրենք մարտավարական հնարքների են դիմում իշխանությանը թուլացնելու, բուրգը կազմաքանդելու և թաթար-մոնղոլներից ազատվելու համար: Սակայն, «ընդդեմ մոնղոլների՝ թաթարների հետ համագործակցությունը» իրականում ոչ թե մարտավարություն է, այլ սովորական վարձկանություն, հատկապես երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ, ի դեմս ԲՀԿ-ի և նրա անդրկուլիսյան տերերի, «թաթարներն» անխելք չեն և ժամանակին Տեր-Պետրոսյանից իշխանություն են վերցրել: Ամեն դեպքում, «հիմնադիր նախագահից» մինչև «հաճախորդ» ճանապարհը բավականին կարճ տևեց:


Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1448

Մեկնաբանություններ